00:00:00

Միասին խմել են, ապա՝ վիճել․ մանրամասներ՝ Կապանում տեղի ունեցած սպանությունից

20:43, 23 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մայիսի 22-ին` ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նշված բնակարանի լոգարանում հայտնաբերվել է Կապան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչի դին՝ դեմքի և գլխի շրջաններում մարմնական վնասվածքներով, և տանտերը՝ ծնված 1954թ., ում մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոկսիակցիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք»: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ-ի մայիսի 22-ի երեկոյան Կապան քաղաքի 48-ամյա բնակիչը հյուրընկալվել է համաքաղաքացու՝ 1954թ. ծնված տղամարդու բնակարանում, որտեղ միասին ընթրել են, օգտագործել ալկոհոլ: Այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում տանտերը մետաղական լինգով, այնուհետև բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:   Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացած մետաղյա լինգը, վերցվել են նմուշներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: 1954թ. ծնված տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր