00:00:00

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

Եթե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։

«Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է․ մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը։
Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները։ Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար։

Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝ օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որոնք մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով։

Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ։ Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները։
Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը դիտարկում է Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար։

«Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին։ Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ։ Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն։

Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար։ ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում։

Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս։ Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին։

Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար։ Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամարդումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձեւի համար։ Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր