00:00:00

Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև․ Վեհափառի ուղերձը

10:05, 08 մարտ 2024 Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։

Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։

Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։

Մեծազնիվ տիկնայք և օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջև հանապազ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Իր օրհնության ներքո պահպանի ձեզ հույսով ու հավատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինությունների մեջ և քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. ամեն։

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

մարտի 8, 2024 թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր