00:00:00

Ինչպե՞ս է որոշվում, թե որ ճանապարհը պետք է տվյալ տարում վերանորոգվի. Նիկոլ Փաշինյան

12:47, 28 փետրվար 2024 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրերը եւ կատարման ընթացքը: Ըստ պատասխանատուների՝ իրականացվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում տեղադրվել է նաև 9739 ճանապարհային նշան և մոտ 173․000 գծամետր մետաղական արգելափակոց։

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են նաև պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում 663 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ‚ որի համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 33 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված, որն արժեցել է 6.5 մլրդ դրամ։

Վարչապետը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է որոշվում, թե որ ճանապարհը պետք է տվյալ տարում վերանորոգվի:

Գոռ Ավետիսյանը նշել է, որ համապատասխան տեխնիկական միջոցներով համալրված ավտոմեքենաներով, ինչպես նաև առցանց համակարգով ստացվում են տվյալներ, որոնք համադրելով՝ որոշումներ են կայացվում: «Այդ համակարգը հաշվում է նույնիսկ տեսակը՝ հիմնանորոգել, միջին նորոգել, թե՝ նորոգել: Մենք ամեն տարի հավաքագրում ենք տեղեկատվություն՝ ճանապարհների վիճակի, անհարթության, ճաքայնության, փոսայնության վերաբերյալ և այլն: Ամբողջը ներմուծում ենք համակարգ, որը տալիս է, թե այդ տարվա համար ինչ միջոցառում է պետք իրականացնել»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը:

Արձագանքելով՝ վարչապետը կարեւորել է. «Այսինքն՝ ամբողջը էլեկտրոնային տվյալների վրա է: Շատ լավ: Այստեղ էլ մենք պետք է ստանդարտ ունենանք»:

Գոռ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից հետո վերանորոգված ոչ մի ճանապարհ մինչև այժմ կրկնակի չի նորոգվել:

«Մենք ճանապարհներ ունենք, որ անգամներով այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունն ավելացել է: Մեզ պետք է ստանդարտ, մենք պետք է իմանանք՝ և՛ հանրությունը, և՛ Կառավարությունը, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի: Ճիշտ է, մենք սովորաբար մտածում ենք ժամկետով, բայց ժամկետն օբյեկտիվ ցուցանիշ չէ, որովհետև նույն ժամկետում ինչքան բեռնատար է անցել այդ ճանապարհի վրայով: Եկեք պատկերացնենք իրավիճակ, երբ այդ համակարգը ներդրել ենք, ստանդարտը դրել ենք, ասել ենք՝ այս ճանապարհը շահագործման հանձնեցինք, ուրեմն այս ճանապարհի հաջորդ նորոգման պահը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ դրա վրայով անցել է օրինակ 1000, 10 000 կամ 20 000 կցորդիչով մեքենա և ենթադրենք 50 000 դրանից ավելի ցածր մեքենա: Սա շատ կօգնի, որովհետև այս հսկայական միջոցները մենք ներդնում ենք, դա մեծ պատասխանատվություն է նաև: Լավ է, որ կառուցում ենք, բայց ինչ-որ իքս պահի անհարթություն ես տեսնում՝ ասում ես, կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում և սա այն չէ, ինչ պետք է անենք: Դրա համար ես կարևոր եմ համարում, դա առաջնահերթ բան է, եկեք դնենք այդ ստանդարտը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր