00:00:00

Փարիզում՝ Մակրոնի ներկայությամբ, թեժ զրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Փափազյանի միջև․ մանրամասներ

21:55, 23 փետրվար 2024 Արտաքին քաղաքականություն

Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը:

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։

Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած, Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազյանը, նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

ՀՅԴ Փարիզի գրասենյակ
23.02.2024

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր