00:00:00

Հայ քույրերի վարժարան. Եզակի հայկական դպրոց ԱՄՆ-ում

16:08, 23 մայիս 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող Հայ քույրերի վարժարանի մասին ասում են, որ այն պատրաստում է Հայաստանի ապագա դեսպաններին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ի տարբերություն ԱՄՆ-ում գործող բազմաթիվ մյուս հայկական դպրոցների, Հայ քույրերի վարժարանը ոչ թե կիրակնօրյա դպրոց է, այլ լիարժեք դպրոց ու մանկապարտեզ, որտեղ երեխաները սովորում են մինչև ութերորդ դասարան: Վարժարանի տնօրեն Քույր Էմմա Մուսսայանի խոսքով, դպրոցում դասավանդում են Մոնթեսորիի մեթոդով. «Հայ քույրերի վարժարանը որդեգրել է Մոնթեսորիի մոտեցումը, որը մեծ ազատություն է տալիս երեխաներին և ինքնավստահություն սովորեցնում»: Կաթոլիկ կրթությունն աշխարհով մեկ հայտնի է որպես առաջատար, ուստի, Հայ քույրերի վարժարան ԱՄՆ-ում բնակվող հայերի հետ միասին իրենց երեխաներին են բերում նաև բոլոր մյուսները: Ավանդական առարկաների հետ միասին այստեղ սովորում են նաև Հայոց լեզու և Հայ ժողովրդի պատմություն: Իսկ ամենափոքրիկներն այբբենարան են սովորում: 14-ամյա Սարին Մինասյանը Հայաստանում դեռ չի եղել, բայց շատ է լսել և կարդացել ու անպայման այցելելու է. «Ես կուզեմ պատմել բոլոր ընկերներիս, որ Հայաստանը շատ անուշիկ տեղ է, շատ կսիրեմ: Ընկերներ ունեմ, իրենք հայ են, բայց ընկերներ ունեմ նաև, որ հայ չեն, իրենց էլ պատմում եմ Հայաստանի մասին»: Վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Ավետյանի խոսքով, արդեն կես դարից ավելի գործող Հայ քույրերի վարժարանը եզակի ուսումնական հաստատություն է. «Անցյալ տարի 50-րդ տարեդարձն էր մեր դպրոցի: Մենք հպարտ ենք, որ ունենք այս ուսումնական հաստատությունը, այս դպրոցը Ֆիլադելֆիայում: Այս դպրոցը սովորեցնում է մեր երեխաներին, զարգացնում նրանց միտքը, մարմինն ու ոգին: Այստեղից երեխաները դուրս են գալիս որպես Հայաստանի դեսպաններ՝ քաջ ծանոթ Հայոց պատմությանը, մշակույթին և հրաշալի արվեստին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր