«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ժնևյան այցի շրջանակներում։
Պաշտպանը կարևորել է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին։
«Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը համապատասխան քննարկմանն ու նիստին։ Հպարտ եմ և այն պատճառով, որ բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացել ենք ձևավորել հրաշալի միջավայր։ Միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը, անկախ բոլորիս ունեցած առանձնահատկություններից, առանցքային գաղափար, և նպատակ է նաև այս ոլորտում մեր աշխատանքների համատեքստում։ Ինչպես Խորհուրդը, այնպես էլ պատվիրակության կազմը ձևավորվել են բոլոր խմբերի ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով։ Մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով այն հոգատարությունը, աջակցությունն ու հանդուրժողականությունը, որ Խորհրդի անդամ երեխաները ցուցաբերում են միմյանց նկատմամբ` այդ գաղափարները տարածելով նաև ընդհանուր միջավայրում»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը չափազանց լուրջ ձեռքբերում է համարում և այն որակյալ մասնակցությունը, որը Խորհրդի անդամ երեխաներն ունեցան ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում։
«Սա չափազանց լուրջ աշխատանքի արդյունք է և իրականություն է դառնում նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Նշված ոլորտն իմ առաջնահերթություններից է, և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը։