Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ծնվել է 15 հազար 606 երեխա, որից 8069-ը՝ տղա, 7837-ը՝ աղջիկ: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց, որ Երևանում դեկտեմբերին ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա և 856 աղջիկ:
«Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Բնակչության բնական աճը կազմել է 7.9 տոկոս»,-ասաց Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ դա նորմա՞լ հարաբերակցություն է: «Մոտավորապես 51 և 49 տոկոս պետք է լինի հարաբերակցությունը: Տղաների հարաբերակցությունը մի փոքր ավել է: Այնուամենայնիվ, հղիության սելեկտիվ ընդհատումների դինամիկան ոնց որ դրական է, բայց դեռևս առկա է: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ պետք է խոսել դրա մասին: Այդ տեսակ մտածելակերպի ժամանակաշրջանը վաղուց անցել է: Կարծում եմ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում»,-ասաց Ավինյանը: