Ձկնաբույծները կրկին դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ պնդելով, որ չեղարկվի ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:
Ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են այս նախագծից, պատրաստ են անցնել ջրի խնայողության, սակայն իրենց նախընտրած տեխնոլոգիայով:
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
«Փակ համակարգով աշխատող ընկերություններն այսօր չեն աշխատում, սննկացել են, որովհետև փակ համակարգով ինքնարժեքը բավականին բարձրանում է, մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով»,- նշում է ձկնաբույծներից մեկը։
Բացի այդ, ըստ նրա, մասնագետի խնդիր կա։ Ըստ ձկնաբույծի՝ ձուկն ապրում է +8-իվ +18 ջերմաստիճանի ջրում, իսկ նման համակարգում, նրա խոսքով, ձուկը չի կարող ապրել։
«Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7000-10 000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,-ասում է նա։