00:00:00

ՊՊԾ պետը և տեղակալներն իրավունք կունենան գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ

14:45, 19 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Պետական պահպանության ծառայության պետը և ծառայության պետի տեղակալները իրավունք կունենան գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք. նման նախագիծ ներկայացրել է ՊՊԾ-ն։

 

«Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին կրելու, պահելու և կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ և զենք: Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին հատուկ միջոցներով և զենքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի ու ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաև հատուկ միջոցների և զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է ծառայության պետը»,- նշվում է նախագծում։

 

Առաջարկվում է նաև Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաև ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։

 

«Առաջարկվում է Ծառայությունում ներդնել ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը զինվորական պարտքի և պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցությունը»,- նշվում է հիմնավորման մեջ։

 

Նախագծվում նշվում է նաև, որ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը կիրականացվի ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կապահովվեն որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում։

 

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, որով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը դարձավ վարչապետին ենթակա մարմին։

 

«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն»,- հայտարարել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը։

 

Ըստ որոշման՝ ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը: Վարչապետը հաստատում է ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում է կանոնադրության փոփոխություններ, ինչպես նաև՝ ծառայողների և աշխատողների քանակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ

 

Ծառայության պետը հաշվետու է վարչապետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր