«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են ու իրականացման փուլում են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խոսքը, օրինակ, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին է։
Մնացած մասերով, ըստ փոխվարչապետի, դեռևս հետազոտությունների կարիք կա, որ վերջնական արժեք լինի։
«Բայց կարող եմ ասել, որ Հորադիս-Երասխ երկաթուղու ինտիգատիվ արժեքը դեռևս մեկ տարի առաջ ստացվել է, եթե չեմ սխալվում՝ կազմում է շուրջ 230 միլիոն դոլար»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ դեռ չկան։
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է»,- նշեց նա։
Կողմերն աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն։
Փոխվարչապետը չբացառեց, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։
«Չեմ կարող բացառել, որովհետև հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն ունեն ու սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- ասաց Գրիգորյանը։