ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունները պահպանում են ուժը, կողմերը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզն» է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ կարևորագույն փաստաթղթերը չեղարկելու փորձերը համարվում են խիստ վտանգավոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով.
«Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածություններին, իրական սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, ինչի շուրջ երեք ղեկավարները պայմանավորվել են 2021-ի նոյեմբերին, դեռևս չեն գործարկվել։ ՀՀ-ն հանուն ԵՄ առաքելության հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու ՀԱՊԿ մեխանիզմներից։
Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ հայկական կողմը 2022թ.հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս։
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում հենց Երևանն է ամեն կերպ «սառեցրել» փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով կոնկրետ պայմանավորվածությունների դուրս գալը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։