Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից։
Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր։ Ընդդիմությունը ձեռնպահ էր։
Դեմ քվեարկող պատգամավորներ չեղան։
«Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 10 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ»,- նախագիծը ներկայացնելիս ասել էր Հայկ Սարգսյանը։