Վաղ առավոտից Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Նախարարությունում սպասում էին Նիկոլ Փաշինյանի այցին։ Վարչապետի այցից ժամեր առաջ արդեն իսկ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, ովքեր մեկ առ մեկ ստուգում էին նախարարության շենք մտնողներին, հավաստիանում արդյո՞ք նրանք աշխատակից են։ Անգամ վարժեցրած շներ էին ներս տանում։ Փաշինյանից առաջ այդ մասնաշենք եկավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Շենքի մուտքի մոտ կանգնած էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:


Այդ ընթացքում մի փոքր այն կողմ բողոքի ակցիա են իրականացնում ձկնաբույծները:
Լրագրողները Սիմիդյանից հետաքրքրվեցին, թե ինչու չի ընդունում ձկնաբույծներին, ինչին նա պատասխանեց, որ նախորդ անգամ ընդունել է:
Լրագրողների դիտարկմանը, որ 15 օր առաջ խոստացել էր, որ մեկ շաբաթից էլի կընդունի, Սիմիդյանն արձագանքեց. «Ոնց ասել եմ, ընենց կանեմ»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը նախարարության շենք մուտք գործեց հակառակ դռնով։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում: