00:00:00

«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել. գեղեցիկ ասելով՝ գեղեցիկ չեն դառնում. Հակոբ Ճաղարյան

08:50, 08 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է.

«Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման:

Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով, որոնցից հիմնականները` «Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները, այդ ընկերության ապագան՝ Հայաստանում։
 
Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից:
 
«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել:
 
Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ձևակերպման` «Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ազգային գործիք։
 
«Ազգային ավիափոխադրող» չի նշանակվում վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությունը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` գեղեցիկ։
 
«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի շնորհիվ տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն վաստակած ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է, ոչ թե՝ անվանում: Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով հասնել հնարավոր չէ:
 
Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությումը: Չէ՞ որ նրա բսժնետոմսերի 51 %-ը հայկական չեն:
 
Այո՛, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում...
 
Ապագայի մասին՝ «Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է:
 
Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի դուստրերը, աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10 %-ը շահագործվում են այդ կենտրոններից: Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել: Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ոչ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում:
 
Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման օրվանից, հավաստիացնում եմ, որ ոչ մի սկանդալի մեջ ներքաշված չի եղել:
 
Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր