Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով. Ալավերդու համայնքապետարանի բակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ․․․, կան բազմաթիվ մեխանզիմներ՝ դատական կարգով և այլն, բայց այս հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ»,- ասաց նա։
Զուրաբյանը նշեց, որ ժողորդի կողմից քաղաքապետ է ընտրվել, և այն պարագայում, որ Փաշինյանը, թեև պարծենում է ժողովրդական նվաճումներով, Ալավերդիում տեղի ունեցած գործընթացը ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Ընտրված մարդկանց վրա ոստիկանության, կամ քնչական մարմինների միջոցով ճնշումներ են գործադրվում։
Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի:
Նշենք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։