00:00:00

Սթափվեք քանի դեռ ուշ չէ. Արտակ Գալստյան

17:46, 03 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշեն ՔԿՀ. արդեն ութերորդ ամիսն է այստեղ եմ։ Հույս ունեի, որ դեռևս ազատության մեջ ձեռք բերված անքնությունս գոնե այժմ ինձ հանգիստ կթողնի , բայց ավաղ, այն հետապնդում է ինձ նաև այստեղ։ Մի կողմից դա լավ էր, որովհետև հենց այստեղ` բանտում հասկացա իմ անքնության իրական պատճառը։ Ոչ, այդ պատճառը ամենևին էլ իմ կալանքը չէ և ոչ էլ կնոջս, որդուս, հարսիս, ընկերներիս ապորինի կալանավորումը և անհանգստությունը նրանց համար։ Պատճառը բացահայտվեց պատահաբար։

Կալանավորներից մեկը խցում վատ զգաց և բժիշկ կանչեց։ Բժիշկը մի քիչ ուշացավ և հարկի բոլոր խցերը սկսեցին խփել դռներին ու ձայն տալ բժշկին։ Բժշկին հեռախոսով անընդհատ զանգահարում էր նաև հսկիչը։ Բժիշկը արագ եկավ: Մենակ չէր, ՔԿՀ ղեկավարներից նույնպես հետը մարդ կար։ Բոլորը անհանգիստ էին, խցի դուռը բացվեց, օգնությունը հիվանդին ցույց տրվեց և հարկը խաղաղվեց, ամեն մի կալանավոր ընկղմվեց իր խոհերի մեջ։ Այս պատմությանս միակ եզրակացությունը մեկն է, այստեղ բանտում, երբ ձեր կարծիքով նստած են միայն հանցագործները, բացակայում է անտարբերությունը։ Ձեր ասած հանցագործները և նրանց հսկող վերակացուները ազատության մեջ գտնվող մարդկանցից հարյուր անգամ ավելի սրտացավ են, իսկ ամենակարևորը անտարբեր չեն մեկը մյուսի ցավին, կամ դժբախտությանը։ Այդ օրը ես բացահայտեցի, որ տարիներ շարունակ ինձ տանջող անքնության իրական պատճառը դա` իմ ժողովրդի անտարբերությունն է միմյանց նկատմամբ։ Ինձ համար անտարբերությունը ամենաբարձր դաժանությունն է։ Իսկ մերձավորի նկատմամբ ամենաաններելի մեղքը, ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։

Անտարբերությունը անմարդկայնության էությունն է։ Մենք հասանք այս օրին, որովհետև անտարբեր էինք - առաջինն արցախյան պատերազմի զոհերի, նրանց ընտանիքների նկատմամբ։ - քառորյայի, 44 օրյա պատերազմներից տուժածների նկատմամբ։ - մարտի 1 ու հոկտեմբերի 27 իրականացնողների նկատմամբ։ - 2018 ից հետո մեզ խափողների, երկիրը թալանողների, այն բռնապետություն դարձնողների, երկիրը կործանման եզրին հասցնողների նկատմամբ։ - ապոօրինի կալանավորվածների և արդարադատությունը բռնաբարող` մարտնչող տգետների նկատմամբ։

Այս անտարբերությունը կործանելու է Հայաստանը, մեզ և մեր սերունդներին նույնպես։ Գիտությունը դեղամիջոց է հորինել մեր հիվանդությունների մեծ մասի համար, բայց երբեք չի գտել բուժում դրանցից ամենասարսափելիի` անտարբերության համար: Թշնամիները վատագույն դեպքում կարող են սպանել մեզ, ընկերները վատագույն դեպքում կարող են դավաճանել մեզ: Ամենասարսափելին անտարբերներն են, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միմիայն նրանց լուռ համաձայնությամբ են մեզ սպանում և դավաճանում։ Անտարբերությունը հոգու կաթված է և վաղաժամ մահ։ Սթափվեք քանի դեռ ուշ չէ։

Հանրային Ձայն կուսակցության նախագահ` Արտակ Գալստյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր