Իմ մանդատը վայր դնելը բացառապես ուներ իրավական պատճառ։
Այս մասին ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը։
«Բոլորդ գիտեք, որ ես հոգեբան եմ, ունեմ այցելուներ, իսկ պատգամավորությունը խանգարելու էր իմ այցելուներին»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ նախքան ցուցակում ընդգրկվելը արդյո՞ք հաշվի չէր առել այդ գործոնները, Մադաթյանն ասաց․
«Չգիտեի, որ կան որոշակի գործողություններ, որոնք համատեղելի չեն պատգամավորական գործունեության հետ, իմ դասախոսական գործունեությունը համատեղելի է, բայց այցելուների հետ կապված գործունեությունը՝ ոչ։ Ես իրավունք չունեմ իմ ուղիղ մասնագիտության մեջ թերանալու»։
Նշենք, որ Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդը Միհրդատ Մադաթյանն էր, սակայն վերջինս հայտնեց, որ չի վերցնում այն։ Նույն դաշինքի հաջորդ համարներ՝ Գերասիմ Վարդանյանն ու Անժելա Նալբանդյանը ևս հրաժարվեցին պատգամավորական մանդատից, ինչից հետո այն տրվեց ցուցակի հաջորդ համարին՝ Լևոն Քոչարյանին։