Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե դա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար:
«Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, ուղղակի պետք է իրականացնել, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված «շլագբաումներից» կարողանանք դնել, հեռակառավարել, որովհետև շատ դեպքերում անընդհատ վարչարարություն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի շաբաթ-կիրակի օրերին ճանապարհը փակել», - ասաց Ավինյանը։
Քաղաքապետն ասաց, թե դա ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես այնտեղ գտնվելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին, եթե կարողանան արգելափակոցներով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի: