00:00:00

«Ձեր աջակցության կարիքը, իհարկե, մենք ունենք». Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանին

14:03, 20 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

 

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

 

 

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան և Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան են լինելու մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջև հարաբերություններն այլ արժեք ունեն և առավել ևս Հայաստանի համար այսօր առանձնահատուկ դեր ունեն: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Կանադայի կառավարությունը ցուցաբերում է Հայաստանին: Ձեր աջակցության կարիքը, իհարկե, մենք ունենք: Այդ աջակցությունը մենք զգում ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հարթակներում:

Ձեր նշանակումը և դեսպանատան բացումը մեծ հնարավորություններ են բացելու մեր երկու երկրների հարաբերությունների խորացման և նոր բնագավառներում ծրագրեր կանխատեսելու կամ զարգացում ապահովելու առումով»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Թըրները նշել է.

 

«Ես մեծապես ուրախ եմ այստեղ գտնելու համար: Ինչպես նշեցիք Կանադան եղել է և միշտ կլինի Հայաստանի մեծ բարեկամն ու աջակիցը: Դուք արդեն իսկ ականատես եղաք մեր արձագանքին վերջին ճգնաժամին՝ ինչպես մեր մարդասիրական աջակցության, այնպես էլ ՄԱԿ-ի և տարբեր հարթակներում մեր հայտարարությունների տեսքով:

 

Բոլոր ջանքերը ներդրվել են մեր աջակցության ուժեղ ազդակներ ուղարկելուն այս դժվարին ժամանակներում: Եվ դեսպանատան բացումը ևս մեկ հանգամանք է մեր հարաբերությունների ամրապնդման գործում»:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական քաղաքական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և վերջնական ու կայուն խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր