00:00:00

Ադրբեջանցիները սոցցանցերում խաղադրույքներ են կատարում, թե ում են բաժին հասնելու հայ կանայք․ Արարատ Միրզոյան

02:00, 22 սեպտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 10 հազար մարդ հարկադրաբար տեղահանվել է։ Նա նշել է, որ ռմբակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա։ Նրա 10-ամյա եղբայրը սպանվել է, և անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է։

«Սրանք բազմաթիվ դեպքերից միայն երկու օրինակն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, և Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, պապիկ-տատիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, կտրել վերջույթներն ու կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի հայ կանանց պրոֆիլները սոցցանցերում և խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ սա կանխատեսելի էր, երկար ժամանակ է, ինչ հայկական կողմն ահազանգում էր, որ կարող է նման բան լինել, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում էր բավարար լրջորեն այս ամենին վերաբերվել։

«Ներկայիս ագրեսիան Լաչինի միջացքի` 10 ամիս շարունակված շրջափակման և հարկադիր սովամահության գագաթնակետն է։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին կանգնած և միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը պլանավորված չի եղել։

Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար` դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին ու ենթակառուցվածքները, սա այս ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարկադիր տեղահանությունն է»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա նաև նշեց՝ երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ հրավիրվեց, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ «Խորհուրդը համարժեք չարձագանքեց նաև, երբ Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6–ին իրավականորեն պարտադիր որոշումներ ընդունեց, և դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից։ Միջազգային հանրությունը չձեռնարկեց համարժեք միջոցներ, երբ ապրիլին Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, իսկ հետո սկսեց մարդկանց առևանգել։
Երբ Հայաստանը կոչ արեց ՄԱԿ–ի ԱԽ ևս մեկ հրատապ նիստ գումարել 2023 թվականի օգոստոսին`զգուշացնելով, որ անվտանգության և մարդասիրական իրավիճակը փխրուն է, և կոչ անելով խորհրդին`իր գործիքակազմի միջոցով լուծել բոլոր խնդիրները և մոռացության չմատնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր