«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար զարմանալի է, որ պաշտոնական Երևանից շնորհավորական ուղերձ չի հղվել Արցախի նոր նախագահին:
Նա կարծում է, որ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին հարցը պետք է լիներ Արցախի նախագահին ողջույնի ուղերձ հղելու հարցը:
Մանուկյանը նշեց, թե որոշ երկրներ` Ուկրաինան, Թուրքիան դատապարտել են այս ընտրությունը ու, նրա խոսքով, որքան էլ զարմանալի է` պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նախագահին չի հղվել:
«Ամեն դեպքում, ՀՀ ԱԺ այս բարձր ամբիոնից ցանկանում եմ ողջունել Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներին, որոնց ներկայացնող մարմինը` Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն , միասնականություն, պահի թելադրանքը ամբողջությամբ գիտակցելով` առաջին իսկ քվեարկությամբ Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին: Շատ պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք»,- ԱԺ-ում հայտարարեց Մանուկյանը: