Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ, News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը:
«Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե՞ ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցներն այնտեղ պատանդին կարգավիճակում են: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպե՞ս է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելո՞ւ են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես ի վիճակի՞ են, և երրորդը՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզո՞ւմ են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ նախօերին արված հայտարարությանը:
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: