Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Բաքվի և Երևանի հարաբերությունները․ այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել էին մոտ ապագայում հստակ որոշել հանդիպման վայրն ու ժամկետը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների բանակցությունների առաջիկա օրակարգում են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և հացահատիկի գործարքի հարցը։
Թերթի տվյալներով՝ սպասվում է, որ Պուտինը համապատասխան ժեստ կանի «հացահատիկային միջանցքի» շրջանակներում։