00:00:00

Անհողմությո՞ւն, թե՞ լռություն փոթորկից առաջ. «Փաստ»

09:28, 05 օգոստոս 2023 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի՝ նրա գլխավորությամբ, ամեն օր, նույնիսկ լինում է, որ օրվա մեջ մի քանի անգամ, իրեն իշխանազրկելու, իշխանափոխության ընդգրկուն գործընթաց սկսելու ծանրակշիռ առիթներ է տալիս: Միայն Արցախն ուրանալու մասին Փաշինյանի հայտարարությունը նրա պաշտոնանկության գործընթաց սկսելու չափազանց ծանրակշիռ պատճառ է: Բայց նախքան այդ, եկեք թեթևակի, ինչպես ասվում է՝ մի քիչ մակերեսայնորեն դիտարկենք նախօրեին հրապարակված սոցհարցման արդյունքները՝ սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Ցանկացած սոցհարցման տվյալներ միշտ էլ որոշ վերապահումով է պետք ընդունել, իհարկե, սակայն մի ցուցանիշ առանձնահատուկ աչք ծակեց:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, որ ուժի օգտին կքվեարկեին, հարցվածների 36,3 տոկոսը նշել է որ չի մասնակցի, 6,5 տոկոսը նշել է՝ «ոչ մեկին», 20,2 տոկոսը «դժվարացել է պատասխանել», ևս 5,4 տոկոսը ոչ թե դժվարացել է, այլ կոնկրետ ասել է՝ «չեմ պատասխանի»: Պետք չէ սոցիոլոգ լինել՝ նկատելու համար, որ չմասնակցողները, բոլորին դեմ-երը ու մյուսները, միասին վերցրած, կազմում են հարցվածների գրեթե 70 տոկոսը: Կոնկրետ «չմասնակցողները» և պատասխանել դժվարացողները, բոլորին դեմ արտահայտվողները միասին կազմում են հարցվածների 63 տոկոսը: Դա առավել քան խոսուն թիվ է: Ու դա, նշենք, բավականին օբյեկտիվ պատկեր է: Չգիտենք, թե այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին, գործչին տրված նախապատվություններն ինչպես, բայց այ, չմասնակցողների, չկողմնորոշվածների, «ոչ մեկին» չընտրողների մասով պատկերը բավականին մոտ է ընդհանուր հանրային տրամադրությունների պատկերին:

Ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ ամենից առաջ քաղաքական ուժերը աշխատելու մեծ ճակատ ունեն և մեծ ծավալ, եթե իհարկե, մտնեն ընտրապայքարի մեջ: Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է ոչ այնքան իր գրանցած «բարձր» տոկոսը, այլ հիասթափվածների ահռելի տոկոսը, հատկապես՝ չմասնակցողներինը: Հանրահայտ է, որքան քիչ լինեն ընտրությունների մասնակիցները, իշխանության համար այնքան ավելի հեշտ կլինի կեղծել քվեարկության արդյունքները: Ավելին, եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը, ստանալ թեկուզ ընդհանուր առմամբ համեստ արդյունքներ, որոնք սակայն բավարար կլինեն մայրաքաղաքի մասշտաբով վերարտադրվելու, իշխանությանը կառչած մնալու համար:

Այս խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ առնվազն այս պահի դրությամբ նկատելի չեն քաղաքական շոշափելի պրոցեսներ, խմորումներ կամ քննարկումներ (թեկուզ՝ կուլիսային) Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Վերջին հաշվով, Երևանի ավագանին չէ այս դեպքում ամենաէականը, այլ բուն քաղաքական զարգացումներն ու գործընթացները: Մյուս կողմից՝ առկա իրավիճակը, զարգացումների օրհասական ու ծանր բնույթը կարող են կտրուկ ավելացնել քաղաքական ակտիվության պահանջը, ավելին՝ կարող են արագացնել ուժերի մեկտեղման, համախմբման բնական ու անխուսափելի գործընթացը: Ի վերջո, բոլոր լուրջ ուժերում էլ հասկանում են, որ առկա ձախավերների իշխանությունից կարելի է ազատվել միայն համատեղ ուժերով, միայն համախմբման միջոցով: Բայց այս պահին, այսպես ասենք՝ քաղաքական անհողմություն է: Քաղաքական ակտիվությունն ու ռեալ գործընթացների թափն ու ծավալները հակադարձ համեմատական են Արցախի ու Հայաստանի օրհասական վիճակին: Այնուհանդերձ, առկա պայմաններում կան պայքարի օջախներ, և կան պայքարողներ:

Կարծում ենք, որ քաղաքական ուժերի խնդիրն է համախմբել առնվազն նրանց: Խոսքն առաջին հերթին փաշինյանական ռեժիմի քաղբանտարկյալների մասին է՝ Արմեն Աշոտյան, Գրիգորի Խաչատուրով և այլն: Հայտնի է, որ Վանաձորի ընտրված քաղաքապետն էլ է քաղաքական պատճառներով արդեն տևական ժամանակ պահվում բանտում: Կարելի է ոչ միայն համախմբել առանձին-առանձին պայքարողներին, այլև որոշակի կազմակերպչական աշխատանքներ տանել ու ավելացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիաները և այդ գործողությունների հնչեղությունը մեծացնել: Զուգահեռաբար, պետք է աշխատել հասարակական կոնկրետ խմբերի հետ, որքան էլ տարբեր ակցիաներ, որոնք ինքնին քաղաքական են, փորձ է արվում ներկայացնել որպես «ապաքաղաքական»: Հիմնական խնդիրն, իհարկե, Արցախի ու Հայաստանի հետագա գոյության հարցն է: Ու դա առաջնահերթ է: Սակայն կարելի է ակտիվացումն սկսել և այլ՝ վերը նշված հարցերից, մանավանդ, որ դրանք այս կամ այն կերպ շաղկապված են հիմնական խնդրին: Ասացինք անհողմություն, բայց ոչ թե կանխատեսման, այլ զուտ ներքին զգացողության, եթե կուզեք՝ ինտուիցիայի առումով այնպիսի տպավորություն է, որ ներկա վիճակը լռություն է՝ փոթորկից առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր