Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։ «Իհարկե, թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, և հայկական կողմը հանդես է գալու ելույթով՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:
Մենք օգտագործելու ենք հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության, որի նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում»,- ընդգծեց նա:
Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատթարանում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկրականությունը։