Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում Ռուսաստանի Դաշնության բանակցային ակտիվությունը նվազել է։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին: Մեր մյուս պարտավորությունները մենք ևս կատարում ենք», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ակտիվության ի՞նչ նվազման մասին կարելի է խոսել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ շփումների մի ամբողջ շարք է տեղի ունեցել ամենաբարձր և բարձր մակարդակներով։ Մասնավորապես, մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը՝ երեք երկրի փոխվարչապետերի համանախագահությամբ, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցություններ։
«Սա ակտիվության նվազո՞ւմ է, պետք է առերեսվել ճշմարտության հետ… Հավանաբար, դրանք գնահատական տալու դատողություններ են, անձնական կարծիք, գուցե էմոցիա, բայց փաստերն արժե հաշվի առնել: Տրամաբանությունը քիչ հասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022թ., ըստ Հայաստանի ղեկավարության, այս ուղղությամբ ամեն ինչ առանց խոչընդոտի էր ընթանում»,- ասել է Զախարովան: