Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարը ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
«Վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:
Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:
Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը:
Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:
Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։
Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը: Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր:
Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը»,- նշել է Միրզոյանը: