Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը:
Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր «հետքը» տարածաշրջանում։ Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցություն է ունենալու Հայաստանում ԵՄ առաքելությանը»:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է այս գրառմանը:
«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա»,-նշել է Միրզոյանը: