ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե որն է տևական խաղաղության նախապայմանը:
«Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը»,- ասել է նա։
Հարցին, թե որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Միրզոյանը պատասխանել է, թե հայ հասարակության մոտ մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ:
«Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,- շեշտել է ԱԳ նախարարը։