ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը մինչև 2025 թվականը՝ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ։
Նա հիշեցրեց, որ հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և որ այս փաստաթուղթը հստակ ուրվագծում է ինչպես տարածաշրջանում զորախմբի գտնվելու տևողությունը, այնպես էլ դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը՝ ևս հինգ տարի ժամկետով։
«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից, նաև տարածաշրջանի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի։ Այս առումով մենք նշում ենք թուրք գործընկերների հետ կարևոր փոխգործակցությունը Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - ասել է Զախարովան։