00:00:00

Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին. Արարատ Միրզոյան

18:32, 18 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա շեշտել է` Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ։

«Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։

Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։ Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը»,- նշել է Միրզոյանը:

Նա ընդգծել է` որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր