Մենք հարյուրավոր անգամներ տեղեկացրել ենք աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում ու Արցախի շուրջ․ մենք ունենք զոհեր, վիրավորներ, գյուղացին չի կարողանում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։ Այդ մասին այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ 21-րդ դարում մենք բախվել ենք նախնադարյան մի մարտահրավերի, որ չենք կարողանում ինքնուրույն լուծել։
«Մենք ակնկալում էինք ավելի մեծ պետությունների աջակցությունը, բայց այդ աջակցությունը կարող էր լինել միայն արդարության պահպանմամբ։ Մենք ուզում ենք, որ դուք սահմանեք պատժամիջոցներ այնպես, ինչպես կիրառում եք բոլոր ագրեսորների նկատմամբ։ Տե՛ր կանգնեք մարդկանց իրավունքներին, թող դրանք չմնան որպես դեկլարատիվ փաստաթուղթ»,- նշեց նա։
Թովմասյանը նկատեց՝ Արցախի համար էլ կարող է լինել Կոսովոյի ճակատագիրը, ինչո՞վ է պակաս արցախցին, որ իր համար նույնը լինել չի կարող։
«Մենք պետք է բարձրաձայնենք արցախցու իրավունքի հարցը, մենք պետք է խոսենք ու աշխարհին հայտնենք՝ ինչ է կատարվում։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հայկական է։ Ու դա հայ ժողովրդի կամքն է»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։