00:00:00

Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանների կողմից ԼՂ խնդիրների բարձրաձայնումը

20:13, 14 հուլիս 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի պաշտոնական այցի շրջանակներում։

Քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև քաղաքական երկխոսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ:

«Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն՝ ի նպաստ տարբեր բնագավառներում հայ-պորտուգալական համագործակցության զարգացման:

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը և այդ ուղղությամբ առկա մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև խորհրդարանական շրջանակների կողմից նշյալ խնդիրների բարձրաձայնման և հստակ գործողությունների հասնելու կարևորությունը:

Նշվում է, որ հարատև խաղաղությանն ուղղված ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր