00:00:00

«Եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահել»․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը՝ ֆրանսիացի սենատորներին

21:40, 11 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, տեղեկացնում են ԱԺ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է  հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին այցի եւ հանդիպման կազմակերպման համար:

Դիմելով հանդիպման մասնակից ֆրանսիացի գործընկերներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ նրանց  հավաքական ջանքերի շնորհիվ է Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը:

Նա հիշատակել է նաեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, նույն տարվա նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բացարձակ մեծամասնությամբ ընդունված ազդեցիկ բանաձեւը եւ մի շարք այլ բանաձեւեր ու փաստաթղթեր:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած  պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար եւ սթափության կոչ Ադրբեջանին:

Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:

Հայ պատվիրակները նշել են, որ ակնկալում են եվրոպացի գործընկերներից հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբեւէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որեւէ այլ ռազմական բախման եւ ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:

Քննարկման ավարտին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ եւ միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը նիստերի դահլիճում մասնակցել է պաշտոնական ողջույնի արարողությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր