Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական, հիմնված միջազգային իրավունքի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին կիսամյակի՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպմանը։
«Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրին։
«Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն, նորից եմ ասում, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով «Հայաստանի դիրքորոշման դրական առաջընթացը» Իլհամ Ալիևը նշել է. «Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։