Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, եւ եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովում մեղադրում են նախկին իշխանություններին՝ հիշատակելով մադրիդյան ու կազանյան փաստաթղթերը:
«Երկրորդ, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է: Իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կար: Երրորդ, հոգեբաններն ասում են, որ ստախոսները, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, որ իրեքն են սկսում իրենց ստերին հավատալ: Բայց կա մի հուսադրող հանգամանք. Նրանք նաեւ ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս ունեմ, որ գտնվում ենք վերջին փուլում»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ Հայաստանում ներքին գործընթացներ սպասվում են, չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել. «Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել եւ ինքը դա չզգա: Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունեն այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում»,-ասաց երրորդ նախագահը: