«Մարզային աշխատանքային այցերը լավ հնարավորություն են տեղում՝ առաջին ձեռքից ծանոթանալու տվյալ մարզի խնդիրներին, դրանց լուծման համար հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնել, ինչպես նաև դեռևս նախագծային փուլում մեր ծրագրերը մարզեր հասցնելու՝ լսելու բարեփոխումների վերաբերյալ դիտարկումներ»-, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսելով Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին, նախարարը վստահեցրել է, որ գործընթացը բավականին արագ առաջ է գնում, պետք է մարզային բժշկական կենտրոնները սեղմ ժամկետներում պատրաստ լինեն նման ծավալով ու բարձր որակով բուժսպասարկում տրամադրելու։
Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է մարզի յուրաքանչյուր բնակավայրի բուժկենտրոնի կամ ամբուլատորյայի շենքային պայմանների, մասնագիտական ու տեխնիկական հագեցվածության մասին։ Քննարկումների արդյունքում որոշվել է, գործողությունների տրամաբանությունը մեկն է` ոչ մի համայնք չպետք է մնա առանց բուժսպասարկման։
Մարզպետի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Գյումրի բժշկական կենտրոնում, եղել Կաթվածի և նյարդաբանության նորաբաց բաժանմունքում։
Առողջապահության նախարարության ծրագրով գործող գերժամանակակից սարքերով ու հմուտ մասնագետներով համալրված այս կենտրոնը բուժսպասարկում է տրամադրում ոչ միայն Շիրակի, այլև Լոռու մարզի բնակիչներին։