Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 10 ամսական աղջնակ է, իսկ հայրը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:00-ին ինքը մոտեցել էր աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում, ինչից հետո զանգահարել է Գորիսի հիվանդանոց, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։