00:00:00

Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը. Փաշինյան

11:46, 29 հունիս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին։

«Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանային  և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին, պետք է ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ-ի ՊԲ-ն  շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադրի ռեժիմը։ Ադրբեջանական հրապարակումների մտացածին լինելը ԼՂ-ի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական  քաղաքականություն է վարում», - հայտարարեց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ դա այն քաղաքականությունն  է, որի վերաբերյալ հայկական կողմը երկար ժամանակ է՝ ահազանգում է։

«Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով  հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22/56 բանաձևն է։ Այդ բանաձևի 15-րդ կետում  ԵԽԽՎ-ն արձանագրում է.

«Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության  ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ  ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։ Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է.«Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ-ի բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տներն ու համայնքները։ Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ-ի բնակչության իրավունքների և անվտանգության  խնդիրները՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում՝ չեցոք միջազգային ներգրավվածության միջոցով»։ Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող  էլեկտրաէներգիայի և բնական գազի արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է մարել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքի ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը», - բարձրացայնեց վարչապետը։

Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևում ԼՂ-ում իրավիճակը գնահատվում է հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ.«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ժգնաժամի շուրջ միջազգային  ուշադրությունը մեծացնելու առումով  և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽԽՎ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»։

Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ վարչապետն ընդգծեց, որ դրա նպատակը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության  հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելն է.«Այս օրերին ՀՀ պատվիրակությունը, ԱԳ նախարարի գլխավորությամբ,  Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր