ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Նասրալին հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ հայտարարությամբ․
Հայտարարության մեջ ասվում է․
«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճին, հատկապես երկու երկրների միջև միջազգային սահմանի երկայնքով ամենօրյա փոխհրաձգությունների, ինչպես նաև Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով նմանատիպ միջադեպերի մասին հաղորդագրություններին։
Հունիսի 15-ից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը մեծ անհանգստություն է առաջացնում։ Դա ուղիղ սպառնալիք է տեղի բնակչության կենսապայմանների համար և հումանիտար աղետի լուրջ մտավախություններ է առաջացնում։
Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներից հետո ԵՄ-ն շարունակում է քաղաքական ամենաբարձր մակարդակով փոխգործակցությունը՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխընդունելի լուծումներ»։