«Նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»,- նշված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
Մեկնաբանությունում նշվում է նաև, որ այդպիսի քայլերը հանգեցնում են լարվածության աճի, ինչը չի նպաստում ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ «նորմալ մթնոլորտի» պահպանմանը։
«Բաքվին կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով տեղաշարժը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնում, որ Երևանը մի կողմ չի քաշվի եռակողմ ձևաչափով փոխգործակցությունից։
«Գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է էսկալացիայի՝ գետնի վրա»,- նշում է Զախարովան՝ կարևորելով նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի շուրջ աշխատանքները՝ պրոֆիլային հանձնաժողովի շրջանակներում։
«Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն»,- նշված է մեկնաբանությունում։
«Կողմերին» կոչ է արվում զսպվածություն և պատասխանատվության գիտակցում ցուցաբերել՝ Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար։
Կոչ է արվում նաև պահպանել եռակողմ համաձայնագրերի դրույթները, նշվում է, որ ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել Բաքվի և Երևանի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։