Ադրբեջանի ԱԳ նախարարը թվիթ է գրել, որում ուրախություն է հայտնել բրիտանացի գործընկերոջ՝ Ջեյմս Քլեւերլիի հետ Լոնդոնում, Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում ունեցած հանդիպման առիթով։
«Մենք գնահատել ենք համագործակցության ընդգրկումն ու պայմանավորվել կենտրոնանալ նոր ոլորտների վրա, այդ թվում էներգետիկայի։ Ընդգծել եմ Ադրբեջանի հավատարմությունը խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում՝ չնայած Հայաստանի ստեղծած մարտահրավերներին»,- գրել է Բայրամովը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, իր հերթին, պատասխանել է այս գրառմանը՝ Բաքվին երախտագիտություն հայտնելով Ուկրաինային հումանիտար աջակցության համար։
«Մեծ Բրիտանիան աջակցում է բարգավաճմանը, խաղաղությանը եւ անվտանգությանը Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագիրը հասանելիության սահմաններում է»,- նշել է Քլեւերլին։