Ադրբեջանի փոխվարչապետից դրական արձագանք ենք ստացել։ Այդ մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հանդիպման վերաբերյալ իր առաջարկին ադրբեջանական արձագանքին։
Նա նշեց, որ ժամկետի և հանդիպման վայրի մասին դեռևս որևէ հստակեցում չկա։
«Օրակարգային հարցեր ենք քննարկելու։ Խոսքը սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքներին է վերաբերում։ Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելու են Հայաստանի օրենսդրությամբ։ Ռուսական սահմանապահ զորքերն են այնտեղ լինելու, եթե հաշվի առնենք նոյեմբերի իննի հայտարարությունը։ Բայց դեռևս քննարկումներ պետք է լինեն։ Կարծում եմ՝ եռակողմ հանդիպում էլ կլինի»,- ասաց նա։
Մհեր Գրիգորյանը հստակեցրեց, որ այս պահին կա կոնսենսուս՝ ճանապարհների ապաշրջափակումը սկսել Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից։
«Կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա շատ ֆունդամենտալ համաձայնություն է։ Մնացյալ մասերով փակագծեր չեմ բացի»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։