ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը գրեթե նույն ժամանակահատվածում երեք հարթակով բանակցություններ է վարել՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան:
«Նույնը, ինչ ինքն անում էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Բարդ չէ հասկանալ, որ եթե դու երեք հարթակով բանակցություն ես վարում, հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով խուսանավելու: Երեկ Փաշինյանը մի քիչ խիստ ներկայացրեց ռուսական միջամտության ողջ դրվագները, բայց գրեթե չանդրադարձավ, թե ինչպես է անցել բանակցությունները ֆրանսիական միջամտության և, ամենահետաքրքիրը, ԱՄՆ-ինը նույնպես: Քաղաքականությունից հասկացող ցանկացած մարդ կփաստի, որ նախագահական ընտրությունների շեմին ԱՄՆ-ում, ակնկալել, որ նման հրադադարը հնարավոր կլինի իրականացնել, պարզապես ունայնություն է: Ես բաց հարց կթողնեմ՝ արդյո՞ք այդ խողովակով բանակցությունները պայմանավորված էին ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումներով և այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Թրամփի ներքաղաքական նպատակների լուծմամբ:
Հիշեցնեմ, որ հրադադարի բանակցություններն ընթացել են միաժամանակ: Ես չգիտեմ՝ ինչ խոսքերով բնութագրել այն հայտարարությունները, երբ ասվում է, որ մոտ 10 անգամ Արայիկ Հարությունյանի և ԳՇ-ի տված հայտարարություններն իրար հակասել են: Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում ինքը շուրջ 10 անգամ չի տիրապետել իրավիճակին, չի իմացել, թե ինչ է տեղի ունենում պատերազմի դաշտում: Սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք, ես պատկերացնել չեմ կարող»:
Հաջորդ կետը, որին անդրադարձավ Մամիջանյանը և որը, ըստ իրեն, չի շրջանառվել մամուլում, Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունն է՝ «պատերազմից հետո, 1-2 օր անց, երբ ես վերադարձա աշխատանքի». «Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Նոյեմբերի 9-ից հետո 1-2 օր ոչ ոք չի իմացել, թե որտեղ է նա գտնվել, ինչ իրավիճակում է եղել, սա երեկ նա խոստովանեց»: