Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «խեղաթյուրում է» իրականությունը և վկայում է տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ Ֆրանսիայի «կողմնակալ» վերաբերմունքի մասին։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին և կանոններին համապատասխան, ապահովել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված, ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի պետական սահմանային անցակետից երկու ուղղություններով։ Չնայած այս ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանից սահմանային անցակետի գնդակոծության հետևանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։
Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող «սադրանքները», ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը «Ադրբեջանի տարածքներից» և կատարի տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու իր պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին երկու օրվա ընթացքում հայ-ադրբեջաական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների առիթով։ Այս մասին հայտարարություն էր տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ զսպվածության, լարվածության թուլացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ անելով։
Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, Ֆրանսիան վերահաստատում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի՝ Քաշաթաղի (Լաչին) միջանցքում երթևեկության վերականգնման մասին որոշման կատարմանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ ի շահ բնակչության։
Նշվում է նաև, որ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը ցույց է տվել քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, ը այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։