ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել է ընդդիմության քննադատություններին՝ իր անվտանգության ապահովման հետ կապված:
«Այսինքն ուզում եք ասել, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվո՞ւմ, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի»,- 2022-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասել է նա։
Նա նշել է, որ անձամբ տասնյակ անգամներ տեսել է, որ, «երբ նախկինում կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է գնային մարզ, ամեն ծառի տակ կանգնած էր մի ոստիկան՝ մեն-մենակ, կողքին ոչ մի բան չկար, ծառերի, անձրևի տակ կուչ եկած»:
Ըստ նրա՝ նույն գործելակարգն այսօր էլ է պահվում, սակայն մի տարբերությամբ, որ «այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոփ-նոր ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը»:
«Ընդ որում՝ իրենք այդ մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետև ես գնում եմ որևէ տեղ, այլ՝ նրանք միշտ այդտեղ են ծառայում, 24 ժամ այդտեղ ծառայում են»,- նշել է նա։