Արմեն Աշոտյանն իր ձերբակալությունը որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված Արցախը հանձնելու ազգակործան, դավաճանական քաղաքականության հետ, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Նա համարում է, որ սա փորձ է լռեցնելու բոլոր այն գործիչներին, ովքեր հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությունը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ Աշոտյանի տրամադրությունը մարտական է։
Նշենք, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները», - ասել էր Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ գործի վերաբերյալ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։