Ռուսաստանին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաեւ Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ «Վաշինգտոնը վերջնագրային ձեւով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։