Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն ուղությունները, որոնք ըստ երևույթին միայն իր համար է ցանկալի: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Մենք այսպիսի վարքագծի նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվենք: Կա՛մ մենք բանակցում ենք բարի կամքով, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է, հուսով եմ նաև միջազգային հանրության համար»,-ասել է նա:
Միրզոյանը նաև հավելել է, որ Երասխի կրակողների տակ գտնվող հատված է մեկնել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը:
«Վաղը մեր հրավերքով, այնտեղ կգտնվի նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Եվ այս հարցն, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ասել է Միրզոյանը: